Posted in Մայրենի 6.8

Իմ մանկությունը անց եմ կացրել աստվածային շռայլության մեջ…

«Իմ մանկությունը անց եմ կացրել աստվածային շռայլության մեջ…»

Հովհաննես Թումանյանը ծնվել է Հայաստանի հյուսիսային չքնաղ անկյուններից մեկում՝ Լոռվա լեռնային շրջանի Դսեղ գյուղում:

Լոռին ունի պատմական հարուստ անցյալ: Այն դեռևս մ. թ. ա. 3-րդ դարի վերջերից կազմել է Մեծ Հայքի Գուգարք նահանգի Տաշիր կամ Տաշրատափ գավառը: Այդտեղ 10-րդ դարի վերջերին կազմավորվել է Կյուրիկյան (Տաշիր-Ձորագետի կամ Լոռու) թագավորությունը՝ ձեռք բերելով քաղաքական անկախություն:

Լոռու բարձրավանդակը, որպես անառիկ պատնեշ, դարեր շարունակ եղել է օտար նվաճողների դեմ հայ ժողովրդի մղած ազատագրական պայքարի կենտրոններից մեկը:

Լոռու լեռնային շքեղ բնապատկերն ամբողջացնում է Ձորագետի ու Փամբակի միացումից ծնվող Դեբեդ գետը, որի զառիթափ ձորալանջին գտնվում են պատմահնագիտական մեծ նշանակություն ունեցող այնպիսի հուշարձաններ, ինչպիսիք են Սանահինը, Հաղպատը, Քառասնից Մանկանց վանքը, Բարձրաքաշ ս. Գրիգորի վանքը և այլն:

Հուշարձաններով հարուստ խոր ձորի միջով հոսող Դեբեդի աջակողմյան ձորափին էլ՝ մի բարձր հարթավայրի վրա, տարածվում է Դսեղ գյուղը:

Դսեղի տեղագրության ու պատմամշակութային արժեքի համընդգրկուն ու դիպուկ նկարագրությունը տալիս է ինքը՝ բանաստեղծը. «Դսեղ գյուղը… կղզիացած է Լոռու անդնդախոր ձորերի մեջ գտնվող մի փոքրիկ հարթավայրի վերա, երեք կողմից ձորերով, ժայռերով և չորրորդ կողմից՝ հարավից, մի փոքրիկ լեռնաշղթայով պատած… Դսեղը յուր անառիկ ու չքնաղ դիրքով նման է բնակերտ ամրոցի»:

Այս լեռնային բնության գրկում է անցկացրել Թումանյանն իր մանկությունը՝ վայելելով լեռնային անմահական օդը, լեռնային կյանքի ազատությունն ու խաղաղությունը:

Հայրենի Լոռին իր հիասքանչ բնությամբ եղել է բանաստեղծի ոգևորության անսպառ աղբյուրը, իսկ դեռ մանկուց լսած ու սիրած ժողովրդական երգերն ու զրույցները, հեքիաթներն ու լեգենդները՝ նրա ստեղծագործության առատ սնունդը:

 

անառիկ – Որ չի կարելի առնել՝ գրավել

պատնեշ – Բավականին բարձր ու երկար հողաթումբ, որ սարքվում է պաշտպանական կամ այլ նպատակներով: Բերդի արտաքին պատնեշ:

մղած – Քշել

ազատագրական – Ազատագրության հետ կապված:

զառիթափ – դարիվայր

դիպուկ – Ճիշտ