Posted in Բնագիտություն

Մթնոլորտի կազմն և կառուցվածքը

Մթնոլորտի կազմը:  Մթնոլորտը Երկիր մոլորակը շրջապատող օդային թաղանթն է: Մթնոլորտը  մեր մոլորակի ամենավերին, ամենաթեթև և միաժամանակ՝ ամենաշարժունակ ոլորտն է: Մթնոլորտը կազմված է տարբեր գազերից: Դրանցից գերակշռողը եր­կուսն են՝ ազոտը (մոտ 4/5 մաս) և թթվածինը (մոտ 1/5 մաս): Մթնոլորտը պարունակում է նաև չնչին քանակությամբ ածխաթթու գազ, օզոն, արգոն, ջրածին և այլ գազեր: Բացի գազերից՝ մթնոլորտում կան նաև ջրային գո­լորշիներ, սառցե բյուրեղներ, փոշի և ծուխ:
Մթնոլորտի կառուցվածքը:  Մթնոլորտի ստորին սահմանը հա­մարվում է Երկրի մակերևույթը, իսկ վերինը հասնում է մինչև  3000 կմ բարձրությանը: Առանձին գազերի մոլեկուլներ կարող են նաև անցնել այդ սահմանը։

Գազերի մոլեկուլները (ատոմները) Երկրից շատ հեռու երբեք չեն ցրվում-հեռանում, որովհետև վերջի­նիս ձգողական ուժի շնորհիվ մթնոլորտը մնում է Երկրի վրա և միասին պտտվում նրա շուրջը: Այս ուժի շնորհիվ է, որ մթնոլորտի խիտ շերտը և հիմնական զանգվածը գտնվում են Երկրի մակերևույթին մոտ: Ուստի ըստ բարձրության օդի խտությունը և զանգվածը նվազում են: Դա է փաստում նաև այն, որ օվկիանոսի ափին 1 մ3 օդի զանգվածը 0°C-ում  1,3 կգ է, իսկ 40 կմ բարձրության վրա դառնում է ընդամենը 4 գրամ:
Բացի օդի խտությունից՝ ըստ բարձրության փոխվում են նաև օդի ջեր­մաստիճանը, գազերի բաղադրությունը, խոնավությունը և այլն: Հաշվի առ­նելով այդ փոփոխությունները՝ մթնոլորտում առանձնացնում են մի քանի շերտ:
Ըստ բարձրության՝ իրար են հաջորդում հետևյալ հիմնական շերտերը. ներքնոլորտ, վերնոլորտ  և  ար­տաքին ոլորտ:
Ներքնոլորտը մթնոլորտի ամենաստորին և, միաժամանակ՝ ամենակարևոր շերտն է:
Ներքնոլորտի հաստությունը բևեռային շրջաննե­րում 8-10 կմ է, իսկ հասարակածային լայնություննե­րում՝ 17-20 կմ:
Այստեղ է կենտրոնացած մթնոլորտի ամբողջ զանգ­վածի մոտ 4/5 մասը: Ներքնոլորտում են առաջանում ամպերը, անձրևը, ձյունը, կարկուտը, կայծակն ու ամպերը։
Վերնոլորտը  տարածվում է ներքնոլորտից վեր՝ մինչև 50-55 կմ բարձրությունները: Այս­տեղ օդն ավելի նոսր է, ջրային գոլորշի­ների պարունակությունն աննշան է, իսկ ամպեր գրեթե չեն գոյանում:

Վերնոլորտում՝ մոտ 25-30 կմ բարձրությունների սահ­մանում, գտնվում է օզոնային շերտը: Այս շերտը  կլանում է Արեգակից եկող, կյանքի համար վտանգավոր ուլտրամա­նուշակագույն ճառագայթները:
Արտաքին ոլորտը մթնոլորտի ամենաբարձր ու ամե­նահաստ շերտն է: Այս շերտի վերին սահմանը հասնում է 2000-3000 կմ, այսինքն՝ մթնոլորտի վերին սահմանին:
Արտաքին ոլորտում մթնոլորտի խտությունն ամենա­փոքրն է, օդը  անչափ նոսր է, ջրային գոլորշիներն ամբող­ջովին բացակայում են:
Մերձբևեռային շրջաններում, հատկապես՝ ձմռանը, վերնոլորտում դիտվում է հյուսիսափայլի կամ բևեռափայլի երևույթ: Դա մութ երկնքի ֆոնի վրա առաջացնում է գույնզգույն լուսավոր բծերի գեղեցիկ պատկեր և Երկրի մակերևույթը լուսավորում է թույլ, գրավիչ լույսով:

Հարցեր և  առաջադրանքներ

  • Ի՞նչ է մթնոլորտը, ի՞նչ գազերից է կազմված: Մթնոլորտը Երկիր մոլորակը շրջապատող օդային թաղանթն է: Մթնոլորտը  մեր մոլորակի ամենավերին, ամենաթեթև և միաժամանակ՝ ամենաշարժունակ ոլորտն է: Մթնոլորտը կազմված է տարբեր գազերից: Դրանցից գերակշռողը եր­կուսն են՝ ազոտը (մոտ 4/5 մաս) և թթվածինը (մոտ 1/5 մաս): Մթնոլորտը պարունակում է նաև չնչին քանակությամբ ածխաթթու գազ, օզոն, արգոն, ջրածին և այլ գազեր:
  • Ինչո՞ւ օդը չի ցրվում-հեռանում Երկրից: Գազերի մոլեկուլները (ատոմները) Երկրից շատ հեռու երբեք չեն ցրվում-հեռանում, որովհետև վերջի­նիս ձգողական ուժի շնորհիվ մթնոլորտը մնում է Երկրի վրա և միասին պտտվում նրա շուրջը:
  • Ո՞րն է մթնոլորտի վերին սահմանը: Ար­տաքին ոլորտ
  • Ըստ բարձրության՝ ի՞նչ շերտեր են առանձնացնում մթնոլորտում: Ներքնոլորտ, վերնոլորտ  և  ար­տաքին ոլորտ:
  • Ինչո՞ւ է ներքնոլորտը համարվում մթնոլորտի ամենակարևոր շերտը: Ներքնոլորտը ամենակարևոր շերտն է, որովհետև այստեղ են առաջանում ամպերը, անձրևը, ձյունը և կարկուտը:
  • Ի՞նչ դեր ունի օզոնի շերտը: Օզոնի շերտը կլանում է Արեգակից եկող, կյանքի համար վտանգավոր ուլտրամա­նուշակագույն ճառագայթները:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *